Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը տեղեկացրել է, որ հինգշաբթի օրվանից սկսում «Դուրս գանք ՆԱՏՕ-ից» համազգային արշավը՝ հանրապետության իշխանություններին կոչ անելով դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից։
Արշավի շրջանակներում քաղաքական շարժումը մտադիր է քաղաքների հրապարակներում սեղաններ տեղադրել՝ համապատասխան հանրագրերի ստորագրահավաքի համար, կանցկացվեն նաև հանրահավաքներ և բողոքի ցույցեր Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռազմակայանների դեմ։
Կուսակցության առաջնորդ Դոգու Պերինչեկը հայտարարել է, որ «ուժեղ ՆԱՏՕ-ն նշանակում է ուժեղ սպառնալիք Թուրքիայի դեմ»։ «Որովհետև ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը թշնամաբար են վերաբերվում Թուրքիային։ Դուրս կգանք ՆԱՏՕ-ից»,- հայտարարել է Պերինչեկը։ Նա նաև հրապարակել է Թուրքիայի քարտեզը՝ նշելով Թուրքիայում և նրա շուրջ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի բազաների տեղադրությունը։
«Հայրենիք» կուսակցությունն ավանդաբար հակաամերիկյան դիրքորոշում ունի։ Նախկինում այն բազմիցս կոչ է արել փակել ԱՄՆ ռազմակայանները Թուրքիայի տարածքում, հետ կանչել ամերիկյան F-16 կործանիչներ ձեռք բերելու հայտը և դուսր գալ ՆԱՏՕ-ի կազմից։
Փոխանցում է tass.ru-ն։