‘Թուրքական ֆլեշմոբ’

700

Երեքշաբթի երեկոյան Թուրքիայում հազարավոր մարդիկ միացել էին նախորդ օրը նկարիչ Էրդեմ Գյուլդուզի սկսած «լուռ ցույցին»: «Կանգնած մարդ»՝ այս անունն է ստացել բողոքի այլընտրանքային այս տեսակը: Սոցիալական ցանցերի միջոցով որոշ ժամանակ անց այս ակցիան տարերայնորեն տարածվեց նաև Թուրքիայի մյուս քաղաքներում: Ի վերջո՝ ոստիկանությունը հրապարակը «մաքրելու» համար «ստիպված» էր կրկին ձերբակալություններ կատարել, թեև մարդիկ լուռ կանգնած էին և ոչ մի կարգ չէին խախտում:

Ի դեպ, Թուրքիայի իշխանությունները մտադիր են «կարգավորել սոցիալական ցանցերը»: Այդ մասին այսօր հայտարարել է իշխող Արդարության և զարգացման կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիկը: «Ոչ մի անակնկալ չի լինելու և արգելքներ՝ նույնպես: Մենք որևէ այնպիսի բան չենք անելու, ինչը կհակասի Եվրամիության չափորոշիչներին»,- Չելիկի խոսքերն է մեջբերում թուրքական NTV հեռուստաալիքը: Նրա խոսքերով՝ սոցիալական ցանցերը հարկավոր է կարգավորել, ինչպես դա արվում է արևմտյան երկրներում: «Արգելքների մասին խոսք չկա: Մեզ երևի համեմատում են Չինաստանի հետ: Բայց նույնիսկ Չինաստանը չի արգելում»,- ասել է նա:

Նախկինում վարչապետ Էրդողանը բազմիցս հայտարարել է, թե սոցիալական ցանցերը մեծ դեր են կատարել բողոքի ցույցերի կազմակերպման հարցում, իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերն էլ հայտարարել է, թե կառավարությունը անհրաժեշտ է համարում օրենսդրորեն կարգավորել սոցիալական ցանցերի գործունեությունը, քանի որ դրանք հաճախ օգտագործվում են «կեղծ տեղեկատվություն տարածելու» համար, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ե՞րբ է կնքվել հայաստանյան մասնաբաժինը «Գազպրոմին» վաճառելու պայմանագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Սամվել Ֆարմանյանը խոստացավ քննարկել Գագիկ Ջհանգիրյանի առաջարկը’