‘
Թուրքիայում խոշոր սկանդալ է ծագել: Տեղական հեռուստաընկերություններից մեկը հաղորդում է պատրաստել, որտեղ նախկին թուրք մրցավար Ահմետ Չաքարը ցույց է տվել, թե ինչպես է ՈւԵՖԱ-ն իբրեւ կեղծել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները, հաղորդում է NEWSru.ua-ն:
Չաքարի խոսքով, դա արել են նրա համար, որպեսզի այդ փուլում չհանդիպեն մրցաշարի գլխավոր հավակնորդները՝ «Բարսելոնան», «Ռեալը» եւ «Բավարիան»:
Նախկին մրցավարը հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն վիճակահանության ժամանակ օգտագործում է հատուկ գնդիկներ, որոնք վիբրացիա են արձակում: Երբ անհրաժեշտ է հանել կոնկրետ թիմի գնդիկը, ապա այն սկսում է գրեթե աննկատ վիբրացիայի ենթարկվել, որպեսզի վիճակահանություն կատարողը հստակ գտնի անհրաժեշտ գնդիկը, եւ դա ոչ ոք չնկատի:
Օրինակ բերելով վիճակահանության տեսաձայնագրության հատվածներից մեկը, Չաքարը պնդում է, որ Ջանի Ինֆանտինոն առանց որեւէ տրամաբանության հատուկ մի թեթեւ շարժում է վիճակահանության անոթը, որտեղ գնդիկը սկսել էր աննկատ թրթռալ: Եվ արվել էր դա հենց այն պատճառով, որպեսզի ոչ ոք այդ վիբրացիան չնկատի:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին հետեւյալ զույգերը.
«Մալագա» — «Բորուսիա» (Դորտմունդ)
«Ռեալ» — «Գալաթասարայ»
ՊՍԺ — «Բարսելոնա»
«Բավարիա» — «Յուվենտուս»
‘