Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման գործընթացը բարդ կլինի, Անկարան հույս ունի, որ այն հանգիստ կընթանա, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
«Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման գործընթացը՝ ըստ Ադրբեջանի սահմանադրության, սկսվել է։ Դա բարդ գործընթաց է, մենք դա ընդունում ենք։ Հուսով ենք, որ այն կավարտվի առանց մարդկային կորուստների, առանց դրամաների ու ողբերգությունների»,- ասել է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ ղարաբաղցի հայերի ինտեգրումը Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և սոցիալական կյանքում բարդություններով կընթանա, և հարկավոր է պատրաստ լինել նրան, որ ոմանք չեն ընդունի այդ քաղաքականությունը և կորոշեն հեռանալ։ Մինչդեռ նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը նույն իրավունքները կունենան, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։
