‘Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է սիրիացի փախստականների զանգվածային արտաքսման մասին լուրերը’

1010

Թուրքիայի ԱԳՆ-ն իր տվյալներն է ներկայացրել չորեքշաբթի օրը սիրիացի փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների մասին, ինչպես նաև՝ հերքել է Թուրքիայից հարյուրավոր սիրիացիների արտաքսելու փաստը: «Մեր երկիրն իրականացնում է Ակչակալայում վրանային ճամբարի պահպանությունը, որտեղ ավելի քան 35 հազար սիրիացիներ են ապրում: Մարտի 27-ին մոտավորապես 200 հոգանոց խումբը, որը նախապես որևէ գանգատ կամ պահանջ չէր ներկայացրել, սկսել է քարեր շպրտել իրավապահների ուղղությամբ: Ոստիկանները ստիպված են եղել համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: Այնուհետև նշվում է, թե «մեր երկիրը, փախստականների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակին համապատասխան՝ չի արտաքսում Թուրքիայում գտնվող սիրիացի քաղաքացիներին և չի արգելում նրանց մուտքը Թուրքիա»:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, թե անկարգություններին մասնակցել է 2 հազար մարդ, այնուհետև 600 սիրիացիներ արտաքսվել են Թուրքիայից: ՄԱԿ-ի փախստականների գործերով գլխավոր հանձնակատարի վարչությունը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայից սիրիացի փախստականների արտաքսման վերաբերյալ լուրերի առնչությամբ:

Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Շանլիուրֆա նահանգում 89,5 հազար սիրիացի փախստական է ապաստանել: Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի տարածքում տեղակայված ճամբարներում ներկայումս կա 185 հազար փախստական, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ովքեր եւ ինչպես են կործանում Հայաստանը’
Հաջորդ հոդվածը‘Առաջին նախագահը՝ խաղաղության մասին (տեսանյութ)’