‘
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հինգշաբթի Անկարայից բողոքի երթով սկսել է շարժվել դեպի Ստամբուլ՝ ընդդեմ կուսակցությունից պատգամավոր ընտրված Էնիս Բերբերօղլուի դատավճռի:
«Որտեղ արդարություն չկա, այնտեղ չկա պետություն: Արդարության ձայնը չլսողները կլսեն մեր ձայնը: Մենք չենք ուզում, որ բանտ ընկնեն լրագրողները, դասախոսները: Մենք հակամարտություն չենք ուզում: Մենք ուզում ենք ապրել խաղաղ, բոլորս միասին: Մենք գնալու ենք մինչև Ստամբուլ (գրեթե 450 կմ): Մենք մեր երթը կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայում արդարություն չի հաստատվել»,- հայտարարել է կուսակցության առաջնորդ Քեմալ Ղըլչդարօղլուն:
Չորեքշաբթի Բարբարօղլուն դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ մամուլին մանրամասներ հայտնելու համար Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) պատկանող բեռնատարների խուզարկության մասին, որոնք ուղևորվել են Սիրիա:
Բեռնատարների հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ադանա նահանգում 2014 թ. հունվարին, երբ զինվորականները խուզարկել են թուրք-սիրիական սահման մեկնող MIT-ի մեքենաները: Cumhuriyet թերթը հրապարակել էր լուսանկարներ և տեսահոլովակներ, որոնք արվել են բեռնատարների խուզարկության ժամանակ: Դրանցում երևում են հրետանային արկերով, ականներով և այլ ռազմամթերքով լի արկղեր: Թուրքական իշխանությունները պնդում են, որ բեռնատարները մարդասիրական օգնություն են տեղափոխել «սիրիացի թուրքմենների» համար: Բեռնատարների խուզարկության գործով կալանավորվել է 17 թուրք զինծառայող, ինչպես նաև Ադանայի ժանդարմերիայի պետը և Ադանայի նախկին գլխավոր դատախազը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘