‘
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր՝Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը պատասխանատու է զբոսաշրջության ոլորտի ցուցանիշների կտրուկ անկման համար:
«Հիմնական պատճառը, որ զբոսաշրջիկներն այլևս չեն ժամանում Թուրքիա, երկրի փչացած միջազգային համբավն է: Թուրքիան չի ներկայանում որպես ժամանակակից երկիր: Այստեղ չկա ժողովրդավարություն, օրենքի գերակայություն: Թուրքիայում բռնապետական վարչակարգ է»,- հայտարարել է քաղաքական գործիչը խորհրդարանի խմբակցության նիստում:
Կիլիչդարօղլուն վիճարկել է այն հայտարարությունները, թե զբոսաշրջության անկման միակ պատճառը Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն են: «Մենք վեճեր չենք ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի հետ, բայց ինչո՞ւ նրանք էլ չեն գալիս»,- քաղաքական գործչի խոսքն է մեջբերում Hurriyet Daily News-ը:
Նրա խոսքով՝ իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը, որին սատարում է երկրի նախագահ Էրդողանը, շարունակում է իր քաղաքակնությունը՝ վտանգելով երկրի հեղինակությունը: Այդ մասին է վկայում հունիսի 20-ին թուրք երեք ակտիվիստների՝ «Մարդու իրավունքների թուրքական հիմնադրամի» ղեկավար Շեբնեմ Ֆինջանջիիի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուի և լրագրող Ահմետ Նեսինի ձերբակալությունը:
Զբոսաշրջության բիզնեսը Թուրքիայում ճգնաժամ է ապրում: Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլին ժամանած զբոսաշրջիկների թիվը, անցյալ տարվա ապրիլի համեմատ, նվազել է 28,1 %-ով: Սա զբոսաշրջության մակարդակի անկման առավելագույն ցուցանիշն է 1999 թվականից ի վեր: Ամենաշատը պակասել են ռուսաստանցի զբոսաշրջիկները՝ 79,3 %-ով: Հունվարից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում Անթալիա է մեկնել 21 հազար ռուսաստանցի, ինչը գրեթե 26 անգամ պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
‘