‘
Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել փակելու տասնյակ ազգային ԶԼՄ-ներ, այդ թվում՝ երեք լրատվական գործակալություն, 16 հեռուստաալիք և 45 օրաթերթ:
CNN Turk-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ հայտարարվել է տեղական 130 պարբերականների և հեռուստաալիքների փակման մասին:
Իշխանությունները նաև հայտարարել են ավելի քան 1600 զինծառայողների, այդ թվում՝ 149 գեներալների և ծովակալների աշխատանքից ազատելու մասին:
Չորեքշաբթի Թուրքիայի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ հեղաշրջման փորձի հետ կապված՝ Թուրքիայում ձերբակալվել է 15 հազարից ավելի մարդ, որից 10 հազարը՝ զինվորականներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թուրքիայում զինված հեղաշրջման անհաջող փորձ տեղի ունեցավ. իշխանությունները կարողացան կասեցնել այն: Վերջին տվյալների համաձայն՝ բախումների արդյունքում զոհվեց 246 մարդ՝ չհաշված խռովարարներին, 2185 մարդ վնասվածքներ ստացան:
Հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով ձերբակալվել և պաշտոններից ժամանակավորապես հեռացվել է ավելի քան 60 հազար մարդ, այդ թվում՝ 9 հազարից ավելի ոստիկաններ, 3 հազար դատավոր, ինչպես նաև՝ բուհերի դասախոսներ և ավելի քան մեկուկես հազար դեկաններ: Փակվել են երկու հազարի չափ կազմակերպություններ:
Փոխանցում է BBC-ն:
‘