Թուրքիայի կառավարությունն այս տարվա առաջին նիստում` երկուշաբթի օրը, որը կընթանա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, կքննարկի էներգետիկ անվտանգությանը, միջազգային խնդիրներին, տնտեսության իրավիճակին և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, հաղորդել է TRT1 հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ մասնավորապես նախատեսվում է քննարկել Թուրքիայի տարածքում էներգետիկ հանգույց ստեղծելու թեման՝ Եվրոպային բնական գազ մատակարարելու համար։ Կառավարության օրակարգում են նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման և այդ ուղղությամբ Թուրքիայի գործադրած ջանքերի վերաբերյալ հարցերը։ Կքննարկվեն նաև Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և հարևան երկրի հյուսիսում ահաբեկչական կազմակերպություններին դիմակայելու հարցը։ Այդ թեմաները շոշափվել են նաև հունվարի 5-ին Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում։
Ներքին օրակարգի շուրջ նախատեսվում է քննարկել հունիսին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունների տեղափոխության, արժեզրկման դեմ պայքարի և սոցիալական նախագծեր իրականացնելու վերաբերյալ հարցեր։ Կառավարության նիստի վերջում Էրդողանը ավանդական ուղերձով կդիմի ժողովրդին։
Փոխանցում է tass.ru-ն։