‘Թուրքիայի հայերը Ստամբուլում հանրահավաք են արել ընդդեմ Էրդողանի’

1115

Ստամբուլում հայերը բողոքի ցույց են արել՝ ի պատասխան Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերի հասցեին արված վիրավորական արտահայտությունների, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայում բնակվող բազմաթիվ հայեր, «Նոր զարթոնք» շարժման, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ գրողներ, մտավորականներ, հանդես են եկել Էրդողանի հայտարարության դեմ և երթ ու բողոքի ակցիա են անցկացրել Ստամբուլում հայկական «Ակոս» թերթի խմբագրատան մոտ:

Ակցիայի մասնակիցները ցուցապաստառներ են պարզել՝ կոչ անելով Էրդողանին ներողություն խնդրել հայերից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը, հանդես գալով հեռուստատեսությամբ և պատասխանելով հեռուստահաղորդավարի հարցին՝ անդրադարձել էր նաև իր արմատներին, ինչը հաճախ է քննարկվում ժողովրդի շրջանում. «Ինչ ասես, որ ինձ չեն անվանել: Ասում էին, թե ես իբր վրացի եմ, ավելին, ասում էին թե ես, ներողություն արտահայտությանս, հայ եմ: Աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ իր հասցեին այնքան վիրավորանքներ չէր հանդուրժի, որքան ես եմ հանդուրժել: Բայց ես համբերատար եմ: Թող ամեն մեկն իրեն կոչի այնպես, ինչպես ուզում է, բայց ես թուրք եմ»,- ըստ Today’s Zaman-ի՝ հայտարարել էր Էրդողանը: 

Նախորդ հոդվածը‘Պուտինն ու Ալիեւը քննարկել են «չափազանց ձգձգված» ԼՂ խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Սաղաթելյան. Մեկնարկել է Պուտին-Սարգսյան հանդիպումը’