‘Թուրքիայի Մեջլիսի նախագահը հակադարձում է Բունդեսթագի նախագահի՝ Մեծ Եղեռնի մասին արած հայտարարությանը’

913

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթին ուղղված նամակում Թուրքիայի Միլլի Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «հայ ազգաբնակչության հարկադիր միգրացիան» «ոչ տեղահանություն է, ոչ՝ զանգվածային ջարդ», տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը:

Չիչեքը նամակով պատասխանել է Լամմերթի՝ հուլիսի սկզբին Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությանը: Հուլիսի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի հարյուրամյակին նվիրված միջոցառման ընթացքում դոկտոր Լամմերթը Բունդեսթագում հիշատակել է հայկական ջարդերը եւ ասել, որ «հայերի զանգվածային տեղահանությունը եւ ոչնչացումը դարձավ պատերազմի գործիք»:

Իր պատասխան նամակում Չիչեքը նշում է, որ 1915-ի «հարկադիր միգրացիան» պատերազմի կոշտ պարտադրանքից բխած ռազմական պահանջ էր:

«Անվտանգության նկատառումներով կազմակերպված այդ նախազգուշական միջոցառման իրականացման ընթացքում Օսմանյան կայսրորւթյան քաղաքացիներ հանդիսացող բազմաթիվ հայեր զոհվել են՝ ժամանակի դժվարին պայմաններից ելնելով: Ես վստահ եմ՝ շատ լավ հայտնի է Գերմանիային, որի հետ մենք Առաջին աշխարհամարտի տարիներին դաշնակիցներ էինք, որ այդ հարկադիր միգրացիան ռազմական անհրաժեշտություն էր», — ավելացրել է Չիչեքը: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանն արգելում է ուկրաինական ոգելից խմիչքների ներկրումը’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա»-«Բորուսիա». ‘