‘Թուրքիայի նախագահի թեկնածուն խոստացել է ճանաչել հայերի ցեղասպանությունը’

1004

Թուրքիայի նախագահի թեկնածու, ազգությամբ քուրդ Սելահադդին Դեմիրթաշը խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել հայերի ցեղասպանությունը և «հայերի դեմ հանցագործությունները» վերհիշել ամեն տարի ապրիլի 24-ին,  haqqin.az-ի փոխանցմամբ՝ հաղորդել են թուրքական լրատվամիջոցները:

«Ես մարդու իրավունքների պաշտպան եմ, երկար տարիներ զբաղվում եմ դրանով: Եւ արդեն 8 տարի քաղաքականության մեջ եմ: Քաղաքականությամբ հետաքրքրվել եմ դեռևս ուսանողական տարիներից և միշտ էլ հայ ժողովրդի հետ կատարվածը համարել եմ իսկական ցեղասպանություն»,- ասել է Դեմիրթաշը: Նա նաև ընդգծել է, որ դա իր անձնական կարծիքն է՝ 1915 թ. դեպքերը կազմակերպված  ջարդեր էին, ոչնչացման քաղաքականության արդյունք: Հետագայում նույն քաղաքականության զոհը դարձան նաև քրդերը, բայց ոչ այդքան դաժան ձևով:

Դեմիրթաշն ասել է, որ իրենց ձայնն իրեն տվողները պետք է իմանան, որ ինքը 1915 թ. իրադարձությունները համարում է ցեղասպանություն և ամեն տարվա ապրիլի 24-ին մտադիր է կատարել իր պարտքը՝ հիշել «հայ ժողովրդի ողբերգությունը»: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ այդ ոճիրը ոչ թե թուրք ժողովուրդն է գործել, այլ այն ժամանակվա քաղաքական իշխանությունը:

Թուրքիայի նախագահի ընտրությունները նշանակված են 2014 թ. օգոստոսի 10-ին: Այս տարվանից  Թուրքիայի նախագահին կընտրի ոչ թե խորհրդարանը, այլ ժողովուրդը՝ 5 տարի ժամանակով:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունում ծեծի ենթարկվելուց հետո երիտասարդը անհետացել է. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական ավիափոխադրողները ՀՀ կթռչեն ավելի երկար և թանկ’