‘Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը ցմահ ազատազրկման է դատապարտվել’

654

Թուրքիայի նախկին նախագահ, 96-ամյա Քենան Էվրենը և ՌՕՈՒ նախկին հրամանատար, 88-ամյա Թաքսին Շահինկայան 1980 թ. պետական հեղաշրջման գործով դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Անկարայի տասներորդ քրեական դատարանը նրանց մեղավոր է ճանաչել «պետական իշխանության դեմ գործած հացանքի» մեջ:

Էվրենը և Շահինկայան հեղաշրջման վերջին ողջ մնացած մասնակիցներն են, հեղաշրջում, որը Թուրքիայում համարվում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության զավթման ամենաարյունալի դեպքերից մեկը: Դատարանն ավելի քան 500 դիմում է ստացել քաղաքական կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև՝ խորհրդարանից և կառավարությունից՝ դատավարությանը որպես համահայցվոր ներգրավվելու խնդրանքով: Դատավարությունը միավորել է քաղաքական անհաշտ հակառակորդներին, «աջակողմյան» և «ձախակողմյան» կուսակցություններին, ընդդիմությանը և իշխող կուսակցությանը:

2012 թ. Էվրենը դատարանում հայտարարել էր, թե կրկին կդիմեր այդ քայլին, եթե համապատասխան պայմաններ լինեին դրա համար: «Մենք ճիշտ ենք վարվել: Հիմա էլ նույնը կանեի: Դա հանցագործություն չէ: Չկա նման օրենք, որը պատժում է հեղափոխության համար: Ես չեմ զղջում»,- ընդգծել էր Էվրենը: Նույնը պնդել էր նաև Շահինկայան:

1970-ական թթ. Թուրքիայի քաղաքական դաշտում անհաշտ պայքար էր ընթանում «աջերի» և «ձախերի» միջև, ինչը 1979 թ. հանգեցրեց անկայունության ողջ երկրում: Մի շարք աղմկալի սպանություններ եղան, մասնավորապես՝ «Միլլեթ» թերթի գլխավոր խմբագիր Աբդի Իփեքչիի, գրող և հրատարակիչ Քեմալ Ջոշկուների, Ազգայնական շարժման կուսակցության պաշտոնյաների, պատգամավորների, բուհերի ռեկտորների, արհմիության ղեկավարների: Ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ էր, ինչը չէր կարող հանդուրժել բանակը:

Սեպտեմբերի 12-ի գիշերը մայրաքաղաք մտան տանկեր, ռադիոյով հնչեց ազգային օրհներգը, ապա՝ գլխավոր շտաբի և Ազգային անվտանգության խորհրդի պետ Քենան Էվրենի ուղերձը: Սուլեյման Դեմիրելի կառավարությունը պաշտոնանկ արվեց, դադարեցվեց արհմիությունների գործունեությունը, և ամբողջ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց:

Հարկ է նշել, որ 1982-1989 թթ. նախագահի պաշտոնն զբաղեցրած Քենան Էվրենը Թուրքիայի պատմության մեջ միակ նախագահն է, ով չի ընտրվել: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Քարզայ. Աֆղանստանը երկրորդ Իրաք չի դառնա’
Հաջորդ հոդվածը‘Իրանն «ամեն ինչ կանի»՝ Իրաքում շիա սրբավայրերը պաշտպանելու համար’