‘
Եգիպտոսի իրադարձությունների թիկունքում, որոնց որդյունքում տապալվեց այդ երկրի նախագահ Մոհամեդ Մուրսին, կանգնած է Իսրայելը, թուրքական TRT Haber հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վարչապետի խոսքերով՝ դեռևս 2011 թ., երբ Եգիպտոսի ընտրություններում հաղթեց «Մուսուլման եղբայրներ» շարժումը, Իսրայելն արտահայտեց իր վերաբերմունքը՝ հայտարարելով, թե իսլամիստները Եգիպտոսում տեղ չունեն և չեն կարող մնալ իշխանության: Էրդողանը նաև նշել է, որ Արևմուտքը պետք է ժողովրդավարություն սովորի, քանի որ այսօր նա դրանից շատ հեռու է:
Վերջին շրջանում Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Եգիպտական կողմը Թուրքիային մեղադրում է իր ներքին գործերին միջամտելու մեջ: Թուրքիայի վարչապետ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե եգիպտական բանակը Մուրսիի կողմնակիցների ցույցը ցրելիս գենոցիդ է իրականացրել սեփական ժողովրդի նկատմամբ, որի արդյունքում զոհվել է ավելի քան երկու հազար խաղաղ բնակիչ, փոխանցում է Trend-ը:
‘