‘Թուրքիայի վարչապետ. Փողի մասին խոսակցությունը մոնտաժ է’

947

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կեղծիք է անվանել սոցիալական ցանցերում տարածված այն ձայնագրությունը, որում, ինչպես պնդվում է, նա որդու հետ խոսում է խոշոր գումարներից ազատվելու անհրաժեշտության մասին: Էրդողանն այդ հրապարակումները որակել է որպես «ուխտադրուժ հարձակումներ»:

Հեռախոսազրույցի ձայնագրության մեջ ենթադրաբար թուրք վարչապետին պատկանող ձայնը խնդրում է տնից դուրս բերել կանխիկ միլիոնավոր եվրոները և դրանք բաշխել մի քանի գործարարների վրա: Երկրորդ ձայնը, որը, ըստ երևույթին՝ պատկանում է Էրդողանի որդուն՝ Բիլյալին, ասում է, թե մնացել է ազատվել  մոտավորապես 30 մլն եվրոյից:

Համացանցում հրապարակվել է չորս խոսակցություն, որոնք, իբր, ձայնագրվել են հունվարի 17-18-ին՝ հենց այդ ժամանակ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում ձերբակալվեցին երեք նախարարների որդիներ և Էրդողանի մտերիմ գործարարներից մի քանիսը:

Անկախ աղբյուրները չեն հաստատել այդ ձայնագրությունների իսկությունը,  սակայն ինչպես հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը՝ ոչ վարչապետը, ոչ էլ նրա կուսակցության ներկայացուցիչները չեն հերքում, որ ձայնագրությունում հնչող ձայները վարչապետինն ու նրա որդունն են: Նրանք ընդամենը պնդում են, որ  ձայնագրությունը «մոնտաժվել է»՝ թուրքական կառավարության ղեկավարի ընտանիքը վարկաբեկելու նպատակով: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը խստացնում է Կիևում իր դեսպանատան պաշտպանությունը’
Հաջորդ հոդվածը‘ «Ռոսնեֆտ» ընկերույթունը մտադիր է 500 մլն դոլար ներդնել ՀՀ-ում նոր կաուչուկի գործարանի կառուցման գործում’