‘Թուրքիայի փոխվարչապետը պատրաստ է լքել պաշտոնը’

640

Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, փոխվարչապետ Բյուլենթ Առինչը  հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից, այսօր հաղորդել է TRT Haber-ը: Հեռուստատեսության տվյալներով՝ այդ մասին հայտարարել է Առինչն ինքը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր ակտիվ քաղաքական գործիչ վաղ թե ուշ պետք է հեռանա քաղաքական ասպարեզից:

Նոյեմբերի 12-ին թուրքական Haberler թերթը, հղում անելով կառավարական աղբյուրներին, հաղորդել է, որ փոխվարչապետ Առինչն իր պաշտոնից կհեռանա  կառավարությունում աճող տարաձայնությունների պատճառով՝ կապված  ուսանողական հանրակացարաններն աղջիկների ու տղաների համար առանձնացնելու հետ: Տեղեկատվության համաձայն՝ այդ պաշտոնը կզբաղեցնի մյուս փոխվարչապետը՝ Բեքիր Բոզդաղը:

Ավելի վաղ թուրքական Milliyet թերթը տեղեկացրել էր, որ հանրակացարաններն ըստ սեռերի առանձնացնելու հարցի կապակցությամբ Թուրքիայի կառավարչությունում աճում են տարաձայնությունները վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և փոխվարչապետ Բյուլենթ Առինչի միջև: Վերջինիս կարծիքով՝ Էրդողանը պետք է հստակություն մտցնի այդ հարցում: Բանն այն է, որ դրանից առաջ Առինչը, մեկնաբանելով ԶԼՄ-ների տեղեկատվությունը ուսանողական հանրակացարանների առանձնացման վերաբերյալ, ասել էր, թե այդ լուրերը հավաստի չեն: Մինչդեռ Էրդողանը հակադրվել էր նրան  և իշխող կուսակցության նիստում հայտարարել, որ հանրակացարաններն աղջիկների ու տղաների համար առանձին պետք է լինեն:

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է, որ Թուրքիայի  քաղաքացիները չեն խրախուսում հանրակացարաններում տղաների ու աղջիկների համատեղ կեցության փաստը, և դրանց առանձնացումը չպետք է դիտվի որպես միջամտություն՝ անձնական կյանքին: Նա նաև հավելել էր, թե նման քայլը չի հակասում երկրի սահմանադրության դրույթներին:

Թուրիայի իրավապաշտպանները և «Անատոլիայի կանանց շարժումը»  այս հարցով դիմել են դատարան՝ ընդդեմ երկրի վարչապետի, փոխանցում է Trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘Հռոմի Պապը մաֆիայի թիրա՞խ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն չի մեկնաբանում Թուրքիայի վարչապետի հայտարարությունը’