‘Թուրքիայում առաջին անգամ կին պատգամավորները խորհրդարան են եկել հիջաբներով’

734

Այսօր թուրքական խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ կին պատգամավորները նիստի են ներկայացել մուսուլմանական գլխաշորերով, հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը:

Սեպտեմբերի 30-ին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական բարենորոգումների փաթեթը ներառում էր նաև պետական հիմնարկներում մուսուլմանական գլխաշոր կրելու արգելքը վերացնելու կետը: Այդ արգելքը գործում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ամենասկզբից: Այն վերացնելու որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 8-ին, և այսօր իշխող կուսակցության անդամ պատգամավորուհիները խորհրդարանի նիստերրի դահլիճ են մտել հիջաբներով:

Այս նորամուծությունը  երկու մասի է բաժանել թուրքական հասարակությանը: Դրա կողմնակիցները հիջաբ կրելու հնարավորությունը դիտում են որպես ժողովրդավարության ձեռքբերում, իսկ հակառակորդների կարծիքով՝ նման քայլերը տանում են երկրի իսլամացման և սպառնում են Թուրքիայի աշխարհիկության սկզբունքին, որը սահմանել է հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը:  

Ի դեպ, այսօրվա նիստի ընթացքում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորներից մեկը ցուցադրաբար հանել է պիջակը ՝ ի ցույց դնելով Աթաթուրքի դիմապատկերով իր շապիկը, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բաղրամյան 26-ից բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին եւ երեք ակտիվիստների’
Հաջորդ հոդվածը‘Amnesty. Հորդանանը սահմանափակել է սիրիացի փախստականների ընդունումը’