‘Թուրքիայում հակակառավարական ցույցի ժամանակ ցուցարար է զոհվել ‘

1040

Թուրքիայի Անթաքիա քաղաքում, որը գտնվում է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում, անցյալ գիշեր զոհվել է հակակառավարական ցույցի մի մասնակից: Ինչպես այսօր հաղորդել է տեղական հեռուստատեսությունը, 22-ամյա Ահմետ Աթաքանը հիվանդանոցում մահացել է սրտի կանգից: Մինչդեռ հակակառավարական ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Աթաքանի գլխին արցունքաբեր գազով նռնակ է ընկել, որը կիրառել է ոստիկանությունը՝ ցույցը ցրելու նպատակով: Իշխանությունների վարկածի համաձայն՝ երիտասարդը կորցրել է հավասարակշռությունը, երբ փորձել է եռահարկ շենքի տանիքից պոկել արևային մարտկոցը և այն նետել ոստիկանության վրա: Ամեն դեպքում՝ ցուցարարների համար էական չէ երիտասարդի մահվան պատճառը. նա կդառնա հակակառավարական պայքարի խորհրդանիշներից ևս մեկը:

Երկրի տարբեր շրջաններում շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերը կապված են Անկարայի իշխանությունների ծրագրերի հետ, որոնց համաձայն՝ ավտոմայրուղի պետք է անցկացվի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանին պատկանող տարածքով: Մայրաքաղաքում այս համալսարանի տնօրինության տակ են մի քանի խոշոր անտառային գոտիներ, իսկ մայրուղու կառուցումը ենթադրում է ծառահատումներ: Ուսանողներն արդեն մի քանի անգամ փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանությանը, սակայն վերջինս ցույցերը ցրել է ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով: Անթաքիայում, բացի համլսարանի ուսանողներին համերաշխության ակցիաներից՝ հակակառավարական ցույցերի մասնակիցները նաև խաղաղասիրական կարգախոսներ են վանկարկել՝ քննադատելով պաշտոնական Անկարայի՝ Սիրիային հարված հասցնելու հարցում ԱՄՆ ծրագրերին աջակցելու քաղաքականությունը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն ընդունել է ամերիկացի նոր համանախագահին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մոսկվայի քաղաքապետին ‘