‘
Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո ձերբակալվել կամ աշխատանքից հեռացվել է առնվազն 45 հազար մարդ: Նրանց թվում, բացի զինվորականներից և ոստիկաններից, կան ուսուցիչներ, համալսարանների դեկաններ ու լրագրողներ, որոնք, իշխանությունների կարծիքով, բավարար լոյալ չեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ:
Ընդհանուր առմամբ՝ աշխատանքից հեռացվել են մոտավորապես 15 հազար ուսուցիչներ ու դասախոսներ, մեկուկես հազար դեկաններ, ներքին գործերի նախարարության գրեթե 9 հազար աշխատակիցներ, ֆինանսների նախարարության մեկուկես հազար աշխատողներ և վարչապետի գրասենյակի առնվազն 250 աշխատակիցներ:
Նաև ձերբակալվել է մոտավորապես 6 հազար զինծառայող, աշխատանքից ազատվել են 9 հազար ոստիկան և 3 հազար դատավոր: Իշխանությունները պնդում են, որ նրանք սատարել են քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենին, որին Անկարայում համարում են խռովության հավանական կազմակերպիչը:
ԱՄՆ-ում բնակվող Գյուլենը կտրականապես հերքում է իր առնչությունն այդ դեպքերին, սակայն թուրքական իշխանություններն, այնուամենայնիվ, պահանջում են նրան հանձնել Թուրքիային, և նրան համարում են «ահաբեկչական կազմակերպության ղեկավար»:
Փոխանցում է BBC-ն:
‘