‘Թուրքիայում մահացել է «համայն գնչուների թագավորը»’

1103

Թուրքիայում՝ Անթալիայում, սրտի կաթվածից 59 տարեկան հասակում վախճանվել է Ռումինիայի քաղաքացի Ֆլորին Չոաբան, որը հայտնի էր որպես «համայն գնչուների ինքնահռչակ թագավոր», երեկ հաղորդել է France-Presse գործակալությունը: Չոաբայի մահվան կապակցությամբ նրա հարազատներին ցավակցություն է հայտնել անձամբ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն, որը մի քանի անգամ մասնակցել է Չոաբայի կազմակերպած գնչուական տոնակատարություններին: Չոաբան ծնվել էր ազդեցիկ գնչու բարոնի ընտանիքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին արտաքսվել էր Մերձդնեստր, ապա բնակություն հաստատել Ռումինիայի հարավում: 1997 թ. հոր մահվանից հետո Չոաբան իրեն հռչակել էր «աշխարհի բոլոր գնչուների թագավոր»: Չոաբան հայտնի էր նրանով, որ պայքարում էր գնչուական արատավոր ավանդույթների, օրինակ՝ մանկահասակ երեխաների միջև ամուսնություն կնքելու դեմ, նա նաև գնչուական ընտանիքներին կոչ էր անում կրթության տալ զավակներին, որի շնորհիվ իր ժողովուրդը կկարողանա վերջ դնել աղքատությանը: 2005 թ. նա առաջադրվել էր Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում, սակայն չընտրվեց:

Ռումինիայում է բնակվում Եվրապայում ամենամեծ գնչուական համայնքը: Բնակչության վերջին մարդահամարի տվյալներով՝ երկրում կա 600 հազարից ավելի գնչու: Միևնույն ժամանակ՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը հասնում է երկու միլիոնի, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Վերաքննիչ դատարանը կողմնակալ վերաբերմունք ունի ՊՆ բարձրաստիճան սպաների հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘Մերկելի ժամանումից առաջ գերմանական քաղաքում անծանոթը պատանդներ է վերցրել’