‘Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասնում է 300 հազարի’

682

Թուրքիայի տարածքում ապաստանած սիրիացի փախստականների թիվը մոտենում է 300 հազարի, հայտարարել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման  վարչության ղեկավար Ֆուաթ Օքտայը, այսօր հաղորդել է Aksam թերթը: Ըստ Օքտայի՝ ավելի քան 181 հազար փախստականներ ապրում են սիրիացի փախստականների համար թուրքական իշխանությունների կազմակերպած ճամբարներում, իսկ 100 հազարից ավելի փախստականներ էլ բնակություն են հաստատել ճամբարներից դուրս՝ Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերում: Թե՛ ճամբարներում, թե՛ ճամբարներից դուրս բնակվող փախստականների կեցության ծախսերը հոգալու համար թուրքական պետությունը ծախսել է 687,4 միլիոն լիրա:

ՄԱԿ-ի տվյալներով՝ փախստականների ընդհանուր թիվը Սիրիայից, որտեղ արդեն երկրորդ տարին է՝ չի դադարում հակամարտությունը ընդդիմության ուժերի և կառավարական զորքերի միջև, անցել է 700 հազարից: Հաշվետվության մեջ նշվում է, որ 219 հազար փախստականներ ապաստանել են Հորդանանում, ավելի քան 226 հազարը՝ Լիբանանում, 77,5 հազարը՝ Իրաքում, մոտավորապես 14 հազարը՝ Եգիպտոսում, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ն իր դիտողությունները կներկայացնի ԿԸՀ’
Հաջորդ հոդվածը‘Խերարդ Պիկե. Սարսափելի խաղացինք’