Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 20 հազարից

320

Երկուշաբթի Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիսային հատվածում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվն անցել է  20 հազարից։ Հազարավոր շենքեր ավերվել են, տասնյակ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ծածկի։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հինգշաբթի երեկոյան հայտնել է, որ զոհերի թիվը երկրում հասել է 17 134-ի, իսկ Սիրիայում արձանագրվել է առնվազն 3 162 զոհ։

Շատերը դեռ փլատակների տակ են, և զոհերի թիվը դեռ կարող է աճել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն փլատակներից ողջ մարդ գտնելու հույսերն  ավելի ու ավելի քիչ են։ Ընդ որում՝ երկրում մեծանում է դժգոհությունը փրկարար ծառայությունների դանդաղկոտությունից, ավերված շրջանների բնակիչները ստիպված են օրերով օգնության սպասել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մարդասիրական կազմակերպությունների առջև բավական դժվար խնդիր է դրված՝ անհրաժեշտ պայմաններ ապահովել  երկրաշարժից հետո ողջ մնացած մարդկանց համար։  Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ հազարավոր մարդիկ մնացել են բաց երկնքի տակ, սոսկալի պայմաններում, առանց ջրի, ջերմության, էլեկտականության և կապի, բացասական ջերմաստիճանում։

Բնական աղետի հետևանքով տնտեսական կորուստները դեռ դժվար է հաշվարկել, քանի որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն Fitch Ratings գործակալության հաշվարկներով՝ դրանք կանցնեն 2 մլրդ դոլարից և կարող են հասնել 4 միլիարդի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ Հունվարին ֆուտբոլային ակումբները ծախսել են 1,57 միլիարդ դոլար
Հաջորդ հոդվածըAirthings Masters Div 3. Սամուել Սեւյանը նվաճեց հաղթողի կոչումը