Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 40 հազարից

393

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 35 հազարից, տեղեկացրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դա ավելի շատ է, քան 1939 թ․ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, ինչը փետրվարյան աղետը դարձնում է ամենաավերիչը Թուրքիայի ժամանակակից պատմության ընթացքում։

Սիրիայում՝ ապստամբների անկլավում  և կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում միասին, զոհերի թիվը հասել է 5 800-ի։

«Թուրքիայի տասը շրջաններում երկու երկրաշարժերից տուժած երեխաների թիվը կազմում է 4,6 միլիոն։ Սիրիայում տուժել է 2,5 միլիոն երեխա»,-լրագրողներին հաղորդել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի քարտուղար Ջեյմս Էլդերը։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ փրկարարները դեռ հույս ունեն ողջ մնացածների գտնել  որոշ վայրերում, որտեղ փլատակներում կյանքի ինչ-որ նշաններ են եղել։

Երեքշաբթի երկրի նախագահ Էրդողանը տեղեկացրել է, որ փրկարարական աշխատանքներին մասնակցում է ընդհանուր թվով 249 հազար մարդ։

Անվտանգության հարցերով զբաղվող փորձագետները նախազգուշացնում են, որ ավերիչ երկրաշարժից հետո համացանցում և սոցիալական ցանցերում հայտնվել են խարդախ մարդիկ, որոնք փող են հանգանակում, իբր, տուժածների համար, բայց իրականում այդ գումարները նստում են նրանց հաշվեհամարներին։ Մասնավորապես, TikTok Live հարթակում, որի հեղինակները կարող են փող վաստակել օգտատերերի նվիրատվությունների հաշվին, ավերածությունների լուսանկարներ են տեղադրվել՝ օգնության խնդրանքով։ Դրանցից մեկում վազող երեխա է, իսկ հետևի պլանում պայթյուն է պատկերված։ Բայց այդ լուսանկարը երկրաշարժի հետ ոչ մի կապ չունի, հրապարակվել է 2018 թ․ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Աֆրինում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, երբ թուրքական ուժերը և սիրիական ընդդիմությունից նրանց դաշնակիցները դուրս մղեցին քուրդ ապստամբներին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԾեծկռտուք ռուսական «Շիննիկ» և ուկրաինական «Մինայ» ֆուտբոլային ակումբների խաղացողների միջև
Հաջորդ հոդվածըՄոլդովան մեկ ժամով փակել է երկինքը՝ մետեոզոնդի նմանվող ՉԹՕ-ի պատճառով