Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի որոնումները դեռ շարունակվում են։
Վերջին տվյալներով՝ բնական աղետի հետևանքով թուրքական տասը նահանգներում զոհվել է 41 020 մարդ։
Այդ մասին կիրակի հաղորդել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։
Եվս 5,8 հազար զոհ է արձանագրվել հարևան Սիրիայում, սակայն այնտեղ զոհերի թիվն անփոփոխ է արդեն մի քանի օր, և դա կարող է վկայել այն մասին, որ աղետի իրական ծավալները դեռ հայտնի չեն։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունում նշել են, որ փետրվարի 6-ի առաջին երկրաշարժից հետո տարածաշրջանում գրանցվել է ավելի քան 6,2 հազար հետցնցում։ Ավերված շինությունների վայրերում աշխատում են առնվազն 19,5 հազար փրկարարներ տարբեր գերատեսչություններից, այդ թվում՝ արտասահմանցի մասնագետներ։ Ընդհանուր առմամբ՝ աղետի գոտում օգնություն հասցնելով, ավերածությունների հետևանքները վերացնելով և կարգուկանոնի պահպանությամբ զբաղվում է ԱԻՎ-ի, ոստիկանության, ժանդարմերիայի, այլ ուժային կառույցների, սոցիալական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ավելի քան 245 հազար աշխատակից։
Ըստ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրետտին Կոջայի՝ աղետից տուժած բնակավայրերում 12 օրվա ընթացքում բժշկական օգնության է դիմել 962 հազար մարդ։ Իսկ ըստ ՄԱԿ-ի՝ երկրաշարժից տուժածների թիվը գնահատվում է 5,2 մլն։