‘
Թուրքիան հույս ունի, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության վերաբերյալ հանրաքվեն չեղյալ կհայտարարվի: Այդ մասին չորեքշաբթի Բաղդադում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Ըստ նրա՝ «Բաղդադի և Էրբիլի միջև տարաձայնությունները պետք է լուծվեն առանց Իրաքի տարածքային ամողջականությունը խախտելու»:
«Էրբիլի որոշումը՝ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, սխալ է, և մենք այդ մասին բացահայտ ենք հայտարարել: Իրաքյան Քուրդիստանի դրոշի բարձրացումը պաշտոնական և կառավարական շենքերի վրա հակասում է Իրաքի սահմանադրությանը»,- ասել է Չավուշօղլուն:
Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ-Ջաֆարին հայտարարել է. «Մենք քննարկել ենք Բաշիկի շրջանից թուրքական զորքերը դուրս բերելու անհրաժեշտության հարցը: Թուրք զինվորականներն այնտեղ են արդեն գրեթե երկու տարի՝ 2015 թ. դեկտեմբերի 3-ից»:
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին մտադրություն է հայտնել տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու սեպտեմբերի 25-ին:
Իրաքյան Քուրդիստանը Քրդական ինքնավար շրջանի ոչ պաշտոնական անվանումն է, որը լայն ինքնավարության կարգավիճակ ունի Իրաքի կազմում: Շրջանի իրավաբանական կարգավիճակը սահմանադրության մեջ ամրագրվել է 2005 թ.:
Փոխանցում է euronews-ը
‘