‘Թուրքիան ընդդիմադիրների է որոնում արտասահմանում’

3007

Թուրքիայի ազգային հավաքականի՝ նախկինում հանրահայտ խաղացող Հաքան Շուքյուրը հետախուզվում է քննչական մարմինների կողմից՝ ձախողված հեղաշրջմանը մասնակցելու կասկածանքով:

2015 թ. ֆուտբոլիստը մեղադրվել էր նախագահ Էրդողանին վիրավորելու համար և կալանքից խուսափելու նպատակով տեղափոխվել ԱՄՆ: Այժմ նա մեղադրվում է  Ֆեթհուլլահ Գյուլենի կողմից խրախուսվող ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար:

Հեղաշրջման փորձի տապալումից հետո Գյուլենի գաղափարակիցը լինելու մեղադրանքով Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է ավելի քան երեք հազար մարդ, այդ թվում՝ 151 գեներալ և ծովակալ: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: «162 զինվորականներ փախուստի մեջ են, այդ թվում՝ ռազմական երեք կցորդներ: Մենք որոնում ենք նրանց: Այդ ռազմական կցորդներն արտասահմանում են: Նրանցից մեկը կցորդ էր Բոսնիա-Հերցեգովինայում, մյուս երկուսը՝ Հունաստանում: Մեզ հայտնի է, որ նրանք փախել են Իտալիա»,- հայտարարել է նախարարը:

Հալածանքներից  զգուշանալով՝ հայրենիք վերադառնալ չեն շտապում նաև թուրք շատ դիվանագետներ: Արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հեղաշրջման տապալումից հետո Թուրքիան դեսպանատներից ետ է կանչել 208 կադրային դիվանագետների,  32-ը չեն վերադարձել, ոմանք փախել են ԱՄՆ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ջեյմի Ռեդնափը` Մխիթարյանի մասին. Հենրիխը լինելու է մաեստրո, ով թելադրում է խաղը ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Հակառակորդն արձակել է ավելի քան 400 կրակոց’