‘Թուրքիան ձգտում է հայկական պատմական Անի քաղաքի ավերակներն ընդգրկել UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում’

1238

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ցանկանում է արագացնել հայկական պատմական Անի քաղաքի ավերակները UNESCO-ի համաշխարհային ժառանգության  ցանկում ընդգրկելու գործընթացը: Ինչպես հաղորդում է Ermenihaber պորտալը, այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Օմեր Չելիքը:

Հայ Բագրատունիների մայրաքաղաքը, որը ժամանակին ստացել է «1000  ու մեկ եկեղեցիների քաղաք» անվանումը, 2012 թվականից ներառված է UNESCO-ի համաշխարհային  ժառանգության ժամանակավոր ցանկում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ Անին իրտեղը գտնի հիմնական ցուցակում: Ըստ Չելիքի, Թուրքիան կարևորում է այդ մշակութային  ժառանգության պահպանումն ու հանձնումը գալիք սերունդներին: Չելիքը մեկնաբանել է նաև Թուրքիայում  հայկական  մշակութային  ժառանգության ամենակարևոր  օբյեկտներից մեկը հանդիսացող Անիում կատարվող աշխատանքների մասին:  Նա հաղորդել է, որ այստեղ կատարվող աշխատանքներն իրականացնելու են Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի դասախոսական  կազմից ու միջազգային մասնագետներից կազմված խորհուրդը: Նրա խոսքով  Սուրբ  Փրկիչ  եկեղեցու և Մրենտաճարի  վերականգնման աշխատանքներին կներգրավվեն նաև հայ մասնագետներ: Ցանկում ընդգրկվելու է Անիում գտնվող 21 մշակութային օբյեկտ:

Ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում Անիի տակ հայտնաբերվել են նոր շինություններ` ճյուղավորվող կատակոմբաներ, ճգնավորների խցեր, ճյուղավորվող թունելներ, ստորգետնյա ջրատարներ: Ընդհանուր հաշվով հայտնաբերվել է 823 ստորգետնյա շինություն, 500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Դրանց մի մասն օգտագործվել է որպես եկեղեցական տարածք, իսկ մյուս մասը պատկանել է քաղաքի բարձրագույն խավին:

Բազմաթիվ փորձագետների կարծիքով, UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում Անին ընդգրկելու Անկարայի փորձերը լիովին տեղավորվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարիլիցի նախաշեմին Թուրքիայի ձեռնարկած` Հայաստանի հետ հաշտեցման իմիտացիոն քաղաքականության համատեքստում:

Նախորդ հոդվածը‘Ապագա մայրերի բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Շնորհավորանք հայ ժողովրդին’