‘Թուրքիան շանտաժի է ենթարկում ԵՄ-ին’

1507

Մարտի 17-18-ին Բրյուսելում անցկացվում է Եվրամիության գագաթնաժողովը, որի գլխավոր թեման միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարն է:

Միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ համաձայնագիրը, որը Եվրամիության երկրների ղեկավարները մտադիր են կնքել Թուրքիայի հետ, նախատեսում է, որ Անկարան առանց բացառության ետ կընդունի բոլոր փախստականներին, որոնք Հունաստան են հասնում թուրքական տարածքից: Փոխարենը Թուրքիան ուզում է ստանալ Եվրոպայի հետ անվիզա ռեժիմ, ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների արագացում և ֆինանսական աջակցություն՝ միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար: Այս պայմանավորվածությունները ձեռք են բերվել Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովում մարտի 7-ին:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, սակայն, պատրաստ է վետո դնել ԵՄ-Թուրքիա համաձայնագրի վրա: Նա դեմ է հանդես եկել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, քանի դեռ թուրքական իշխանությունները Կիպրոսի համար չեն բացել իրենց նավահանգիստները և օդային դարպասները, հաղորդել է РИА Новости-ն:

Մարտի 17-ին Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԵԽ-ն մտադիր չէ հեշտացնել Թուրքիայի համար վիզաները փոխելու գործընթացը: Նրա կարծիքով՝ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու և միգրացիոն ճգնաժամը լուծելու բանակցությունները պետք է առանձին-առանձին ընթանան:

Իսկ հինգշաբթի Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, մեկնաբանելով ներգաղթի ճգնաժամին նվիրված բանակցությունները, Անկարային մեղադրել է շանտաժ անելու համար: Նրա խոսքով՝ «Ավելի լավ է հրաժարվել գործարքից, քան վատ գործարք կնքել: Թուրքիան շատ բան է ուզում: Ես չեմ ընդունի այն, ինչն ավելի շատ շանտաժի է նման»: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Սպիտակ փոշի»՝ Թրամփի որդուն’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը’