Թուրքիան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը

47

Թուրքիան, ի նշան բողոքի Ստոկհոլմում թուրքական դեսպանատան մոտ աջ ծայրահեղականների  ցույցի՝ չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի  այս շաբաթ նախատեսված այցը։

ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան առայժմ ձեռնպահ է մնում Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը դաշինք վավերացնելուց՝ Ստոկհոլմից պահանջելով արտահանձնել ավելի քան 70 մարդու, որոնց համարում է ահաբեկիչ։

Անկարայի դժգոհությունն է հարուցել Ստոկհոլմում թուրքական դեսպանատան առջև կայացած բողոքի ցույցը, որը շվեդական իշխանություններն արտոնել են։ Շաբաթ օրը ակցիան նախաձեռնել է ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդանը, որը ղեկավարում է դանիական հակաիսլամիաստական Stram Kurs («Կոշտ ուղեգիծ») կուսակցությունը։ Նա խոստացել էր հրապարակավ այրել Ղուրանը։ Անցյալ տարի Շվեդիայի մի քանի քաղաքներում անկարգություններ սկսվեցին աջ ծայրահեղականների համանման գործողություններից հետո։

Շաբաթ օրը ցերեկը Պալուդանը, այնուամենայնիվ, այրել է Ղուրանը թուրքական դեսպանատան առաջ։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, ոստիկանության արտոնած այդ ակցիայի հայտարարված նպատակը պայքարն էր Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փորձերի դեմ՝ Շվեդիայում սահմանափակելու արտահայտվելու ազատությունը։

Ակցիան զայրույթի ալիք է բարձրացրել  ոչ միայն Թուրքիայում, այլև ուրիշ մուսուլմանական երկրներում։ Անկարան Պալուդանի գործողություններն անվանել է մուսուլմանների դեմ ուղղված և ինքնարտահայտման ազատության քողի տակ մուսուլմանների սրբազան արժեքները վիրավորող արարք։

Այս իրադարձությունների ֆոնին Անկարայում կարծում են, որ պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի այցելությունը Թուրքիա իմաստ չունի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀրաձգություն Լոս Անջելեսի մերձակա Մոնթերեյ Փարկ քաղաքում․ 10 զոհ
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանով․ Բազմիցս ասել եմ, որ հարգում եւ գնահատում եմ իմ արմատները