‘Թուրքիան չի կաորղ փակել սահմանը’

888

Independent-ը հարցազրույց է հրապարակել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, որում նա հայտարարում է, թե Թուրքիայով Սիրիա անցնող և «Իսլամական պետության» շարքերը համալրող արտասահմանցի կամավորների հոսքն անհնար է կանգնեցնել: Նրա խոսքով՝ «մենք չենք կարող զինվորներ կարգել սահմանի ողջ երկայնքով: Ամեն դեպքում՝ սահմանից այն կողմ ոչ մի պետական իշխանություն էլ չկա»:

Թերթը նշում է, որ Սիրիայի հանդեպ թուրքական քաղաքականության քննադատների կարծիքով՝ Անկարան կարող էր շատ ավելին անել, որպեսզի ջիհադականները չհատեին թուրքական սահմանը: Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան դեմ է, որ քաղաքացիական պատերազմի արդյունքում հաղթի կամ Ասադը, կամ «Իսլամական պետությունը»: Նրա կարծիքով՝ եթե միջազգային հանրությունը զորքեր չուղարկի Սիրիա, ապա «միակ այլընտրանքը սիրիական ընդդիմության չափավոր ուժերին ուսուցանելն ու աջակցելն է»: Եւ քանի որ այս պահին նման ուժեր չկան, իսկ զինված աշխարհազորայինների շրջանում ավելի ու ավելի թափ է հավաքում «Ալ-Քաիդայի» հետ կապված «Նուսրայի ճակատը», ապա, Թուրքիայի տեսակետից՝ պատերազմը դեռ երկար է տևելու, քանի որ այն դադարեցնելու ոչ մի պատճառ չկա: Սիրիական բանակը զինվորների պակաս է զգում, իսկ նրա հիմնական դաշնակիցներին՝ Ռուսաստանին, Իրանին և «Հեզբոլլահին», սեփական խնդիրներն էլ են հերիք:

Դավութօղլուն հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե ԱՄՆ-ն արդեն չի պնդում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռանա իշխանությունից, քանի որ, իբր, Վաշինգտոնը վախենում է, թե այդ դեպքում Դամասկոսում իշխանության կգան ԻՊ-ն, «Նուսրայի ճակատը» կամ այլ ջիհադականներ: Դավութօղլուն ասել է, թե ԱՄՆ-ն, նախկինի պես, բացահայտ հայտարարում է և «փակ դռների ետևում էլ հաստատում է», որ ուզում է հեռացնել Ասադին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ալիև. Ադրբեջանը պաշտպանում է մարդու իրավունքները’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ կառավարությունը վստահությունը կորցրած անձանց ռեեստրի օրինագիծ է պատրաստել’