‘Թուրքիան չի ուզում պատերազմել Սիրիայի հետ’

792

«Թուրք ժողովուրդը պատերազմ չի ուզում». այս կարգախոսով Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ անցկացնելու դեմ ցույցեր են տեղի  ունեցել Ստամբուլում և Անկարայում, որոնց մասնակցել են քաղաքական կուսակցությունների, արհմիությունների և հասարակական կազմակերպությունների անդամներ:

Հինգշաբթի օրը Անկարայում մամլո ասուլիսի ընթացքում վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված չէ պատերազմ սանձազերծելու հարցում: «Այդ տարածաշրջանում Թուրքիան բացառապես խաղաղության և կայունության է ձգտում: Մենք ոչ մի մտադրություն չունենք պատերազմ սկսելու»: Նա նշել է, որ բանակին տրված մանդատը միմիայն զսպող նպատակ ունի: Թեպետ Սիրիան ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ նման բան չի կրկնվի, այնուամենայնիվ, երկու երկրների միջև լարվածությունը պահպանվում է: Սահմանամերձ  գոտու բնակիչներին պաշտպանելու նպատակով Թուրքիան սահման է բերում տանկեր և հրետանի: Միջադեպից հետո հրավիրվեց ՆԱՏՕ-ի Խորհրդի արտակարգ նիստ, որտեղ պաշտպանվեց Թուրքիայի դիրքորոշումը: Մինչ քաղաքական գործիչները ջանում են հարթել իրավիճակը, սահմանամերձ գյուղում տեղի է ունեցել զոհվածների՝ երեք աղջիկների և երկու կանանց թաղման արարողությունը: 

Նախորդ հոդվածը‘«Հայակ»-ը ձգտելու է արժանի լինել «Հայկական Օսկար» անվանմանը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում նոր սկանդալ է հասունանում կապված քաղաքացիների վրա քիմիական զենքի գաղտնի փորձարկումների հետ’