‘
Թուրքիայում սգո օր է Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների ու հրաձգության զոհերի հիշատակին: Հարձակումը խլել 42 մարդու կյանք, այդ թվում՝ 13 օտարերկրացիների:
Իշխանությունների հաղորդման համաձայն՝ 239 մարդ վիրավորվել է, 41-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ նախնական տվյալները մատնացույց են անում «Իսլամական պետություն» խմբավորմանը: ԿՀՎ ղեկավար Ջոն Բրեննանը նույնպես հայտնել է, որ հարձակումը ջիհադիստական խմբավորման «հատկանշական գծեր» է կրում:
Սա վերջին ամիսներին Թուրքիայում տեղի ունեցող հարձակումներից ամենադաժանն ու արյունալին էր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թեև Թուրքիան «ամենադաժան ահաբեկչական խմբավորումների» թիրախն է դարձել, նա, այնուամենայնիվ, կհաղթի ահաբեկչությանը: Նրա խոսքով՝ հարձակվողները «մուսուլման չեն եղել»:
Փոխանցում է BBC-ն:
‘