Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեպանների հնարավոր արտաքսման հետ կապված դիվանագիտական ճգնաժամը հանգուցալուծվել է այն բանից հետո, երբ դեսպանատները հայտարարել են Թուրքիայի գործերին չմիջամտելու մասին։
Անցած շաբաթ օրը Էրդողանն ասել էր, որ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է անցանկալի անձ հայտարարել Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպաններին, որոնք ավելի վաղ հանդես էին եկել Թուրքիային ուղղված կոչով՝ ազատ արձակել իրավապաշտպան և բարեգործ Օսման Կավալային։
Երկուշաբթի ԱՄՆ-ի և մյուս երկրների դեսպանությունները հայտարարել են, որ հավատարիմ են Վիեննայի հռչակագրի 41 հոդվածին՝ այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ։ Դրանից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե դեսպաններն «այսուհետ ավելի ուշադիր և զգույշ կլինեն Թուրքիայի մասին հայտարարություններ անելիս»։
«Դեսպանների խմբի հայտարարություններն ուղղված էին անմիջականորեն մեր երկրի և մեր ինքնիշխանության դեմ։ Ոչ ոք չի կարող մնալ Թուրքիայում, եթե չհարգի մեր երկիրը»,- հայտարարել է Էրդողանը։
64-ամյա Օսման Կավալան թուրք բարեգործ և իրավապաշտպան է։ Իշխանությունները նրան մեղադրում են 2016 թ․ պետական հեղաշրջման փորձին առնչության մեջ։ 2020 թ․ փետրվարին դատարանն արդարացրել է Կավալային 2013 թ․ բողոքի ցույցերի վերաբերյալ գործով, սակայն նա այդպես էլ ազատ չի արձակվել։
Կավալան ինքը հերքում է, թե գործել է օրենքին հակառակ, իսկ Էրդողանի քննադատները պնդում են, որ նրա ձերբակալությունը այլախոհների դեմ թուրքական իշխանությունների լայնածավալ պայքարի վառ օրինակն է։
Ավելի վաղ Եվրոպայի խորհուրդը Թուրքիային վերջին նախազգուշացումն է արել՝ պահանջելով կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը և դատարանի դահլիճում ազատ արձակել Կավալային։
Փոխանցում է BBC-ն։
