‘Թուրքիա. Խոցված Սու-24-ի համար փոխհատուցման հարց չի քննարկվում’

1688

Ներկայումս Անկարայում չի քննարկվում ռուսաստանյան Սու-24 կործանիչը խոցելու համար փոխհատուցում վճարելու հարցը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը թուրքական Haberturk հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Թուրքիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ցավում են կատարվածի համար, ասել է Կալինը: Ներողություն խնդրելու և փոխհատուցելու մասին խոսք չկա, հավելել է նա:

Թուրքիայի նախագահի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին խոսելը դեռ վաղ է:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան այն բանից հետո, երբ 2015 թ. նոյեմբերին թուրքական ՌՕՈՒ-ն Սիրիայի սահմանին խոցեց ռուսաստանյան Սու-24-ը: Ըստ Թուրքիայի վարկածի՝ օդանավը մտել էր իր օդային տարածք և չէր պատասխանում նախազգուշացումներին: Մոսկվան պնդում է, որ կործանիչը սիրիական օդային տարածքում է եղել:

Ռուսաստանը Թուրքիայի և նրա քաղաքացիների նկատմամբ վիզային և տնտեսական պատժամիջոցներ է սահմանել և պահանջում է ներողություն խնդրել ու փոխհատուցել վնասը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Գիշերը շփման գծում հարաբերական հանգիստ էր’
Հաջորդ հոդվածը‘Դեմոկրատների նստացույց ԱՄՆ կոնգրեսում’