‘Թուրքիա. սպիրտային խմիչքների բոլոր շշերի վրա կհայտնվի «ԱԼԿՈՀՈԼԸ ՁԵՐ ԲԱՐԵԿԱՄԸ ՉԷ» մակագրությունը’

1515

Այսուհետև Թուրքիայում սպիրտային խմիչք պարունակող բոլոր շշերի, փաթեթների և այլ տարաների վրա պարտադիր պետք է փակցվի չջնջվող մակագրություն՝ «ԱԼԿՈՀՈԼԸ ՁԵՐ ԲԱՐԵԿԱՄԸ ՉԷ»: Ինչպես այսօր հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը, ծխախոտի և ալկոհոլի վաճառքի պետական կազմակերպության նախաձեռնությամբ՝ առաջիկա տասն ամիսների ընթացքում այս կարգադրությունը պետք է լիովին ի կատար ածվի, հակառակ դեպքում վաճառողը կզրկվի արտոնագրից, և դրան կհետևեն խիստ պատժի այլ միջոցներ:

Թուրքիան կլինի աշխարհում առաջին պետությունը, որտեղ սպիրտային խմիչք պարունակող ապրանքի պիտակին նաև կփակցվեն երեք նախազգուշական և արգելող նշաններ՝ ճանապարհային երթևեկության նշանների նմանությամբ: Դրանց վրա պատկերված կլինեն ավտոմեքենայի, հղի կնոջ ուրվապատկերներ՝ վրաները գիծ քաշած, ինչպես նաև եռանկյունաձև նշան՝ «Միայն 18 տարեկանից բարձր» մակագրությամբ:

Սա արդեն սպիրտային խմիչքների տարածման դեմ երկրորդ միջոցառումն է: Վերջերս արգելվեց դրանց գիշերային վաճառքը, ինչը որոշակի դժգոհություն առաջ բերեց հասարակության  շրջանում: Սակայն կառավարությունն իր որոշումը չի գնահատում որպես ալկոհոլային արտադրանքի արգելում, այլ ընդամենը հոգատարություն՝ գրեթե 80 միլիոնանոց Թուրքիայի քաղաքացիների առողջության հանդեպ: Նույնպիսի քայլեր արվում են նաև ծխելու դեմ, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Հրաչյա Հարությունյանը ցուցմունք կտա այն ժամանակ, երբ պատրաստ կլինի’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Բաքու կժամանի «Դաղստան» ռազմանավով’