Թուրք ազգայնականների առաջնորդը կոչ է արել C-400-ը ռազմական հերթապահության դնել

1722

Թուրքիայի Ազգային շարժման ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բախչելին կոչ է արել ռազմական հերթապահության դնել Ռուսաստանից գնված C-400 համալիրները՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման։

Ազգային շարժման կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանում 49 պատգամավոր ունի, այն դաշինքի մեջ է իշխող Արդարության և զարգացման կուսակցության հետ։

Անցյալ շաբաթ Ջո Բայդենը հայերի զանգվածային տեղահանություններն ու սպանությունները 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում պաշտոնապես ճանաչեց Ցեղասպանություն։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ խորապես ցավում է դրա համար, իսկ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Բայդենի խոսքը ամբոխահաճության վրա է հիմնված, և Թուրքիան մերժում է այն։

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11 հոդվածի համաձայն՝ Բայդենը հանցանք է գործել՝ հրահրելով ատելություն։ Ի պատասխան՝ մեր առաջին խնդիրը պետք է լինի C-400-ի ակտիվացումը և F-35 կործանիչների համար վճարված գումարը վերադարձնելու պահանջը։ Մեզ համար այժմ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պատմական ճամփաբաժանի վրա են»,- ասել է Բախչելին՝ ելույթ ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսի պաշտպանության նախարարը՝ պետական հեղաշրջման փորձի մասին
Հաջորդ հոդվածը«Մտահոգ եմ Արեւմուտքում, մասնավորապես ԱՄՆ-ում վերջերս ուրվագծվող պրոհայկական տրամադրություններից». Առավոտ