‘Թուրք պատմաբան. Թուրքիայի նախագահական պալատը հայ ընտանիքից խլված տուն է’

1092

Թուրքիայի նախագահակաՆ Չանքայա պալատի ներսում գտնվող թանգարան-պալատը պատկանում է Քասաբյանների ընտանիքին, ովքեր այդտեղ ապրել են մինչեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ըստ «Արմենպրեսի», նման պնդմամբ թուրքական «Միլիեթ» թերթում հանդես է եկել թուրք պատմաբան Բասքըն Օրանը:

Փաստը բարձրաձայնելու պատճառն այն է եղել, որ «Միլիեթ»-ի Անկարայի բաժնի ղեկավար Սերփիլ Չեւիքջանն իր «Այն օրվա պես» հրապարակման մեջ նշել է, թե Թուրքիայի նախագահական պալատի ներսում գտնվող թանգարան-պալատը «Աթաթուրքին նվիրել են անկարացիները»:

Թերթի ընթերցողներից Սեդաթ Օքթեմը հրապարակման առնչությամբ նշել է, որ նախագահական պալատը ոչ թե նվեր է Աթաթուրքին, այլ «այն բռնագրավվել 1915-ին բռնի տեղահանված Քասաբյաններ հայ ընտանիքից»: Բասքըն Օրանն էլ հավելել է, որ Քասաբյաններն այդ պալատը ոչ մեկին ոչ նվիրել, ոչ էլ վաճառել են: «Պետությունն այդ պալատը եւ հայերին պատկանող բազմաթիվ գույք է խլել: Ասվել է, թե հետագայում դրանք կվերադարձվեն, որը տեղի չի ունեցել: 1919-ից սկսած` հայերի թողած գույքն իշխանության կողմից բռնազավթվել կամ աճուրդի է հանվել», -նշել է պատմաբանը` հավելելով, որ «Միլիեթ»-ն իր հրապարակման մեջ պետք է գրեր, որ «այդ պալատը պատկանել է հայ ընտանիքի եւ բռնագրավվել է պետության կողմից»:

Թուրքիայի կառավարությունը 1983, 2001 եւ 2006 թվականների հրամանագրերով «ազգային անվտանգության շահերից» ելնելով արգելել է հրապարակել 1924-ի օգոստոսից հետո իրագործված կադաստրային գործողությունները:

Անդրադառնալով հրապարակմանը` թուրք գրող Իփեք Չալըշարը նշել է, որ «տունը երկար ժամանակ հիշատակվել է որպես Քասաբյանների առանձնատուն»: «Տարիներ անց այդ ամենը մոռացվել է: Նշվում է, թե այդ տունը գնվել է Ռըֆաթ Էֆենդիից: 2007-ին Քասաբյանների թոռ Էդվարդ Չուխաջըն հայտարարեց, որ «իրենք Չանքայայի պալատը ոչ մեկին չեն վաճառել»«, -հայտնել է Չալըշարը:

Նախորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության, բացահայտվել է շուրջ 22 տարի առաջ կատարված «Մոսկվիչ»-ի անվադողերի գողությունը’
Հաջորդ հոդվածը‘Ռադամել Ֆալկաո. «Ռեալի» հետ խաղում ոչ-ոքին մեզ չի բավարարի’