‘Թուրք սահմանապահները ձերբակալել են Սիրիա մեկնող օտարերկրացիների’

1131

Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգի իշխանությունները վերջին մի քանի օրերին ձերբակալել են 12 օտարերկրացիների, որոնք ապօրինաբար փորձ են արել անցնել Սիրիայի տարածք:

Այդ մասին ասվում է երեքշաբթի նահանգապետարանի տարածած հայտարարությունում: Նշվում է, որ ձերբակալվածներից յոթը Ռուսաստանի, երկուսը՝ ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության քաղաքացիներ են, մեկական հոգի՝ Տաջիկստանի, Շվեյցարիայի, Սիրիայի քաղաքացիներ: Հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր այդ մարդիկ փորձում էին «Թուրքիայի տարածքով ապօրինաբար անցնել Սիրիայի հակամարտության գոտի» և կասկածվում են  «Իսլամական պետությանը» հարելու մտադրության մեջ:

Տարվա սկզբից Գազիանթեփի իշխանությունները երկրից արտաքսել են մի քանի տասնյակ օտարերկրացիների, որոնք փորձել են անցնել Սիրիա և հասնել ԻՊ-ի գրոհայիններին: Նախորդ միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 2-ին, երբ Գազիանթեփի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ անվտանգության ուժերը սահմանին ձերբակալել էին Ռուսաստանի չորս քաղաքացիների:

Ավելի վաղ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, հիմնավորելով Իրաքին զենքի մատակարարումը, հայտարարել է, որ այնտեղ արմատականների կողմում կռվում են եվրոպական պետությունների երկու հազար  քաղաքացիներ, որոնցից 400-ը՝ գերմանական քաղաքացիություն ունեցող անձինք: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Բնակչությունը չի հավատում բնապահպանության ոլորտում լավատեսական գնահատականներին’
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկ իսլամիստներն Աֆղանստանում գլխատել են պատանդին’