‘Թուրք քաղաքագետ. Թուրքիայի նախկին նախագահ Օզալին թունավորողը Հեյդար Ալիևն է’

828

Վերջին մեկ շաբաթվա  ընթացքում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի մասին երկրորդ ցնցող լուրն է տարածվել Թուրքիայում: Թուրքական «Ulke TV» հեռուստաալիքի «Արտահերթ» ծրագրի թողարկման ժամանակ Թուրքիայի հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի` թունավորման հետևանքով մահվան կասկածելի հանգամանքների քննարկման ժամանակ թուրք գրող-հետազոտող, քաղաքագետ Օմեր Օզքայան հայտարարել է, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Օզալին թունավորել է տվել Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևը:

Օզքայան ասել է, որ թույնն Օզալին տրվել է լիմոնադի միջոցով, իսկ լիմոնադը Բաքվում նրան հրամցրել է Օզալի կողմից «շատ վստահելի Ադրբեջանի ղեկավար անձանցից մեկը` Հեյդար Ալիևը»: Ըստ Օզքայայի` այս տեղեկությունը Թուրքիա է փոխանցել Բուլղարիայի հատուկ ծառայություններից թուրքերի հետ բարեկամ աշխատակիցը, ով ասել է, որ այդ թույնն իրենք են փոխանցել: ԽՍՀՄ պատմությամբ զբաղվող քաղաքագետի խոսքով` բուլղարական հատուկ ծառայությունների աշխատակիցն այս տեղեկությունը փոխանցելուց որոշ ժամանակ հետո սպանվել է: «Պաշտոնապես նշվել է, թե ինքնասպանություն է գործել, բայց դիակի փորձաքննությունը պարզել է, որ նա սպանվել է», — ասել է Օզքայան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ադրբեջանական «Ազադլըգ» թերթն իր ինտերնետային կայքում տեղադրել է թուրքական հեռուստաալիքի հաղորդման այն հատվածը, որում Օզքայան խոսում է այս ամենի մասին:

Ադրբեջանական իշխանամետ մամուլը շտապել է հերքել թուրքական հեռուստաալիքի այդ պնդումը` նշելով, որ 1992 թ-ին Թուրգութ Օզալի Բաքու այցի ժամանակ Հեյդար Ալիևը զբաղեցնում էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության նախագահի պաշտոնը, և որ այդ ժամանակ նա եղել է Նախիջևանում:

«Ազադլիգ»-ն օրերս հայտնել էր, որ թուրքական համալսարանների իրավաբանական ֆակուլտետների «Սահմանադրական իրավունք» առարկայի դասագրքում, որի հեղինակը թուրք հայտնի իրավագետ Ֆարման Դեմիրքոլն է, Հեյդար Ալիևը ներկայացված է որպես բռնապետ և նշված է Սադամ Հուսեյնի, Քադաֆիի և Պինոչետի հետ միասին: Բացի դրանից, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ թուրքական հանրային հեռուստաալիքով ունեցած ելույթում Բաքվում Հեյդար Ալիևի անվան կենտրոնի նորակառույց շենքը նշել է որպես «փողեր վատնելու և անճաշակության» օրինակ: Թուրքական մամուլի այս հրապարակումներից հետո «Ազադլիգ»-ը եզրահանգել է, որ «ներկայում ինչ որ վատ բան է կատարվում երկու եղբայրական պետությունների փոխհարաբերություններում»:

Նախորդ հոդվածը‘Նիգերիայի հավաքականի հաղթանակն ու դարպասապահի օրիգինալ ուրախությունը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Տասնյակ զոհեր՝ «տոնական» հրմշտոցի հետևանքով’