ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ինքն է հաղթել 2020 թ․ նախագահական ընտրություններում, և կոչ է արել փոխել երկրի սահմանադրությունը։
Թրամփը չի հոգնում անհիմն պնդումներ անել, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են հօգուտ Ջո Բայդենի։
Իր կոչը նա հրապարակել է Truth Social սոցցանցում, որը հենց ինքն է ստեղծել ի հակակշիռ Facebook-ի և Twitter-ի՝ այդ սոցցանցերում իբր գոյություն ունեցող գրաքննության դեմ պայքարելու համար։
Truth Social-ում իր գրառման մեջ Թրամփը հերթական անգամ կրկնում է, որ հաղթել է ընտրություններում և մեղադրում է «խոշոր տեխնոլոգիական ընկերություններին», թե նրանք պայմանավորվել են դեմոկրատների հետ, որպեսզի իրեն թույլ չտան վերադառնալ Սպիտակ տուն։
«Նման տեսակի ու ծավալի զանգվածային խարդախությունը թույլ է տալիս փոխել բոլոր կանոնները, դրույթներն ու հոդվածները, նույնիսկ՝ Սահմանադրության։ Մեր մեծն հիմնադիր հայրերը (նկատի ունի ԱՄՆ հիմնադիր հայրերին) չէին ուզենա և չէին աջակցի կեղծ և խարդախ ընտրություններին»,- գրել է Թրամփը։
Ի պատասխան՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսը հայտարարել է․ «Հարձակումները Սահմանադրության վրա և այն, ինչ դա նշանակում է՝ նույնն է, թե մեր ազգի հոգին բանադրանքի ենթարկվի։ Դա պետք է ամենուրեք դատապարտել»։
Բեյթսը սահմանադրությունն անվանել է «սրբազան փաստաթուղթ» և հավելել, որ չի կարելի միայն հաղթելու դեպքում սիրել Ամերիկան։
Փոխանցում է BBC-ն։