‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ Կանադայում կայացած G7 գագաթնաժողովում հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է համարում, այսօր հաղորդել է ամերիկյան Buzzfeed կայքը՝ հղում անելով դիվանագիտական երկու աղբյուրների:
«Նախագահ Թրամփը G7-ի առաջնորդներին հայտարարեց, որ Ղրիմը ռուսաստանյան է, քանի որ այնտեղ բոլոր բնակիչները ռուսերեն են խոսում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կայքի տվյալներով՝ ամերիկյան նախագահն այդ հայտարարությունն արել է ընթրիքի ժամանակ: Բացի այդ, Buzzfeed-ի փոխանցմամբ՝ Թրամփը քննադատել է ուկրաինական ղեկավարությանը՝ նշելով, որ «Ուկրաինան աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է»: Կայքն ընդգծել է, թե առայժմ պարզ չէ՝ այդ արտահայտությունները ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշման փոփոխությա՞ն արդյունք են Ղրիմի և Ուկրաինայի հարցում, թե՞, ավելի շուտ՝ կատակ են:
Նշվում է նաև, որ գագաթնաժողովի ընթացքում Թրամփը քննադատել է իր նախորդին՝ Բարաք Օբամային, որը չի արգելել Ղրիմի միացմանը Ռուսաստանին: «Օբաման կարող է խոսել՝ ինչ ուզում է, բայց նա թույլ է տվել, որ Ռուսաստանը իրեն է միացրել Ղրիմը»,- Թրամփի խոսքն է փոխանցում կայքը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսն այսօր հայտարարել է, որ ինքը չգիտի՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփը G7-ի առաջնորդներին ասել է, թե Ղրիմը համարում է ռուսաստանյան տարածք:
Փոխանցում է Interfax-ը:
‘