‘
Գագաթնաժողովին մասնակցելու համար Սինգապուր ժամանած Դոնալդ Թրամփն իրեն անվանել է խաղաղարար, որը կոչված է կատարելու մի այնպիսի առաքելություն, ինչը, ԱՄՆ նախագահի բնորոշմամբ՝ «կյանքում միայն մեկ անգամ է պատահում»: Նա հավելել է, որ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման առաջին իսկ վայրկյանից կհասկանա՝ արդյո՞ք նրա մտադրությունները լուրջ են, թե ոչ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նույնպես ժամանել է Սինգապուր և արդեն հասցրել է հանդիպել կայանալիք գագաթնաժողովը հյուրընկալած երկրի վարչապետի հետ: Կիմն ասել է, որ Սինգապուրի վրա է սևեռված ամբողջ աշխարհի ուշադրությունը:
Հանդիպումը կկայանա Սենտոզա կղզում, որտեղ Թրամփը և Կիմը կհանգրվանեն տարբեր հյուրանոցներում: Հանդիպման ողջ ընթացքում կղզին փակ կլինի ավտոմոբիլային երթևեկության համար, ճանապարհներն արգելափակված կլինեն:
Գագաթնաժողովը կմեկնարկի երեքշաբթի առավոտյան:
Փոխանցում է euronews-ը:
‘