‘Թրամփը սպառնացել է իսպառ ոչնչացնել ԿԺԴՀ-ն’

1367

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին անգամ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, կտրուկ հայտարարություններ է արել այն երկրների հասցեին, որոնք անվանել է «իզգոյ-պետություններ»: Մասնավորապես, նա խոստացել է իսպառ ոչնչացնել ԿԺԴՀ-ն, եթե այն իրական սպառնալիք ներկայացնի իր երկրի նկատմամբ: Նա խոսել է նաև Իրանի մասին:

«Այսօր մեր մոլորակի պատուհասը իզգոյ-պետությունների այն փոքրիկ խումբն է, որոնք խախտում են ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից յուրաքանչյուրը: Նրանք չեն հարգում ո՛չ իրենց քաղաքացիների իրավունքները, ո՛չ իրենց երկրների ինքնիշխան իրավունքները: Եթե առաքինությամբ օժտված մեծամասնությունը չկանգնի մի քանի չարագործների ճանապարհին, ապա չարը կհաղթի»,- ասել է Թրամփը, ապա պարզաբանել, որ խոսում է, առաջին հերթին, Հյուսիսային Կորեայի մասին:

 ԿԺԴՀ իշխող վարչակազմը «պատասխանատվություն է կրում Հյուսիսային Կորեայի միլիոնավոր բնակիչների սովամահության, ինչպես նաև բանտարկությունների, խոշտանգումների, սպանությունների և անթիվ-անհամար այլ զրկանքների համար»: ԱՄՆ նախագահը հիշեցրել է ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիրի պատմությունը, որը ԿԺԴՀ էր ժամանել արձակուրդին, ապա ձերբակալվել ինչ-որ քարոզչական պաստառ գողանալու մեղադրանքով ու դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Ուսանողը կալանքի տակ անցկացրել էր 15 ամիս, ապա կոմայի վիճակում հանձնվել էր ԱՄՆ-ին և վախճանվել տանը:

«ԱՄՆ-ն շատ ուժեղ ու համբերատար է, բայց եթե մենք ստիպված լինենք պաշտպանվել, ապա մեզ այլ բան չի մնա անելու, քան իսպառ ոչնչացնել ԿԺԴՀ-ն: Մարդ-հրթիռը ինքնասպան առաքելություն է որդեգրել»,- հավելել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. ավելի քան 240 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Սասնա ծռերի փաստաբանները գործադուլ են հայտարարել. Ա1+’