‘
Ուրբաթ առավոտյան ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընդունել է իր նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթի հրաժարականը:
Մարտ ամսի վերջերից, երբ Թրամփը նրան ընդունել էր որպես խորհրդական, Մանաֆորթը նրա նախընտրական քարոզարշավի ամենաերևելի գործիչն էր և հաճախ էր հանդես գալիս նրա անունից: Մանաֆորթը նախկինում աշխատել է մի քանի նախագահների մոտ, և մասամբ նրան տապալեց նաև այն, որ այդ նախագահների թվում էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Այն, որ Մանաֆորթը եղել էր Յանուկովիչի խորհրդականը, վաղուց հայտնի էր: Սակայն վերջերս հայտնի դարձավ, որ Յանուկովիչի կուսակցությունը նրան «տակից» առձեռն վճարել է ավելի քան 12 մլն դոլար, և դա մեծ աղմուկի տեղիք տվեց, ինչն այս պահին Թրամփին բոլորովին պետք չէր: Մանաֆորթն ինքը հերքում էր գումար ստանալու պատմությունը, սակայն դրա շուրջ աղմուկը չէր նվազում:
Հայտնի չէ, թե ինչպես կազդի Մանաֆորթի հեռանալը ընտրապայքարի վրա, որը, դատելով հարցումների արդյունքներից, Թրամփն այս պահին տանուլ է տալիս. ըստ այդ հարցումների՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաջողության հասնելու շանսերը 79 % են, իսկ Թրամփինը՝ ընդամենը 21 %:
Օգտագործելով հանրահայտ ամերիկյան արտահայտությունը՝ թերահավատները կատակում են, թե Թրամփի շտաբում այժմ տիրող խառնաշփոթը նույնն է, ինչ «Տիտանիկի» տախտակամածին փոխեիր շեզլոնգների տեղերը:
Փոխանցում է BBC-ն:
‘