‘
Հունիսի 18-ին Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ ձերբակալված երիտասարդը խոստովանել է, որ փորձել է խլել գաղտնի ծառայության աշխատակցի ատրճանակը, որպեսզի կրակի Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածուի վրա:
Ըստ BBC-ի թղթակցի՝ դատարանում հայտնի է դարձել, որ 19-ամյա Մայքլ Սթիվեն Սենդֆորդը Նյու Յորքից Կալիֆոռնիա է ժամանել հենց Թրամփին սպանելու նպատակով: Սենդֆորդը ցուցմունք է տվել, որ ծրագրել էր Թրամփի դեմ մահափորձ իրականացնել մեկ տարվա ընթացքում: Նա ասել է, որ մինչ այդ երբեք չէր կրակել, բայց Լաս Վեգաս ժամանելուց հետո հրաձգության կարճ դասընթաց է անցել:
Դատավարական նյութերում նշվում է, թե երիտասարդը գիտակցել է, որ ինքը կարող է ընդամենը մեկ կամ երկու կրակոց արձակել, ինչից հետո թիկնազորը կսպանի իրեն:
Սենդֆորդին հատուկ պաշտպանվող տարածքում բռնի գործողություններ կատարելու մեղադրանք է ներկայացվել: Փոխանցում է BBC-ն:
‘