‘
Սպիտակ տունը հայտարարել է, որ կասեցրել է CNN հեռուստատեսության թղթակից Ջիմ Աքոստայի մշտական հավատարմագրի գործողությունը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփի հետ նրա բանավիճելուց հետո, երբ նախագահը լրագրողին քննադատել է և նրա վարքագիծը համարել կոպիտ:
«Նախագահ Թրամփը հավատում է ազատ մամուլին և ակնկալում ու ողջունում է սուր հարցերն իր և իր վարչակազմի հասցեին: Սակայն մենք չենք հանդուրժի, որ լրագրողը նեղացնի մի աղջկա, որը, որպես ստաժյոր, ընդամենը իր պարտականություններն է կատարում Սպիտակ տանը… Այսօրվա միջադեպի արդյունքում Սպիտակ տունը կասեցնում է այդ միջադեպի մասնակից լրագրողի մշտական հավատարմագրության գործողությունը՝ մինչև հաջորդ ծանուցումը»,- Twitter-ում գրել է Թրամփի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Ասուլիսի ժամանակ Աքոսթան Թրամփին հարց է ուղղել այն մասին, թե ինչու է նա Մեքսիկայի կողմից միգրանտների մոտեցումը սահմանին անվանում ներխուժում, երբ նրանք դեռ նույնիսկ չեն մոտեցել ԱՄՆ տարածքին: Թրամփը պատասխանել է, սակայն Աքոսթան շարունակել է ճշգրտող հարցեր տալ: Ի վերջո՝ նախագահ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պատասխանի լրագրողի հարցերին, բայց Աքոսթան շարունակել է հարցեր տալ: Այդ ժամանակ նրան է մոտեցել դահլիճում բարձրախոս տրամադրող աշխատակիցը և փորձել է լրագրողի ձեռքից վերցնել բարձրախոսը, սակայն Աքոսթան նրա ձեռքից ետ է խլել այն: Դրանից հետո Թրամփը նրան անվանել է «կոպիտ, սոսկալի մարդ»՝ մեղադրելով նաև իր գործընկերների հանդեպ անհարգալի վերաբերմունքի համար, որոնք նույնպես ուզում են հարցեր տալ:
Նույն օրն իսկ CNN-ը հայտարարությամբ է հանդես եկել, թե »նախագահի կողմից չդադարող հարձակումները մամուլի նկատմամբ շատ հեռուն են գնացել»: «Դրանք ոչ միայն վտանգավոր են, այլև կասկածելիորեն՝ ոչ ամերիկյան: Թեև նախագահ Թրամփը, որ արդեն ցույց է տվել, որ չի հարգում մամուլի ազատությունը, երդվել է պաշտպանել այն»,- ասվում է հեռուստատեսության հաղորդագրության մեջ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘