‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է ավելի քիչ ականջ դնել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի կարծիքին, հաղորդել է NBC News-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի:
Նրա խոսքով՝ նախագահը և պաշտպանության նախարարն արդեն վաղուց երես առ երես չեն հանդիպում: Թրամփն այլևս չի հետևում նախարարի խորհուրդներին, որոնց նախկինում ամենագովասանական գնահատականներն էր տալիս: Աղբյուրի տեղեկություններով՝ նախագահն սկսել է կասկածել, թե Մեթիսը վերևից է նայում իրեն և գիտակցաբար արգելակում է իր արտաքին քաղաքական նախաձեռնությունների իրականացումը: Վերջին ամիսներին նա ավելի շատ հենվում է սեփական դատողությունների, ինչպես նաև ԱՄՆ վերջերս նշանակված պետքարտուղար Մայք Փոմփեոյի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի խորհուրդների վրա, հաղորդել են Սպիտակ տնից:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է NBC News-ը, իրանական միջուկային գործարքից Թրամփի դուրս գալու վերաբերյալ Մեթիսն իմացել է իր գործընկերներից մեկից և ստիպված է եղել հեռախոսազրույց պահանջել նախագահի հետ, որպեսզի դա քննարկի՝ մինչև պաշտոնական հայտարարություն անելը: ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները չեղարկելու վերաբերյալ Պենտագոնի ղեկավարը նույնպես իմացել է արդեն այն բանից հետո, երբ Թրամփը համապատասխան խոստումն է տվել Կիմ Չեն Ինին Սինգապուրում հանդիպման ընթացքում:
Փոխանցում է Interfax-ը:
‘