‘Թրամփ. Քլինթոնի հաղորդագրությունները Ուոթերգեյթից ավելի վատն են’

2400

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Օհայոյում նախընտրական քարոզարշավի ժամանակ կրկին անդրադարձել է էլեկտրոնային այն նամակագրությանը, որը վարել են Դեմոկրատական կուսակցության աշխատակազմի անդամները, ինչպես նաև Հիլարի Քլինթոնը, որը պետքարտուղար եղած ժամանակ  նամակներ է ուղարկել չպաշտպանված սերվերից:

«Դա շատ ավելի աղմկոտ սկանդալ է, քան նույնիսկ Ուոթերգեյթը (քաղաքական սկանդալ ԱՄՆ-ում 1972-1974 թթ., որն ավարտվեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականով-ծ.թ.): Որովհետև Ուոթերգեյթի ժամանակ մենք արդարադատության նախարարություն ունեինք, որը պաշտպանում էր մարդկանց իրավունքները: Իսկ այսօր այնպիսի բան է կատարվում, որ ոչ ոք երբևէ չի տեսել: Խոսք լինի նրա (Քլինթոնի) էլեկտրոնային փոստի, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում նրա ձախողումների, թե տնտեսության բնագավառում նրա անհաջողությունների մասին՝ ակներև է, որ Հիլարի Քլինթոնին չեն հերիքում բանական մոտեցումը, բնավորությունը, բարոյական հատկանիշները՝ այս երկիրը ղեկավարելու համար»,- ասել է միլիարդատերը:

Մինչդեռ երեքշաբթի Նյու Յորքի դատախազությունը հայտարարել է, որ Թրամփի Donald J. Trump foundation բարեգործական հիմնադրամի գործունեության հետաքննություն է անցկացնում: Ավելի վաղ մամուլում հրապարակված պնդումների համաձայն՝ Թրամփը 2008 թվականից իր ֆոնդին մեկ ցենտ անգամ չի նվիրաբերել, ինչպես նաև՝ հիմնադրամին նվիրաբերված գումարներն օգտագործել է անձնական նպատակներով:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսն ուղեղի կաթված է ստացել’