‘Թրանսփարենսի ինթերնեշնլ. ՀՀ-ում իշխանությունը զավթել են անձնական շահ հետապնդող խմբերը’

973

Հայաստանցիների 48 տոկոսի կարծիքով՝ երկիրը ղեկավարվում է իրենց շահերը հետապնդող մի քանի ազդեցիկ եւ հարուստ խմբերի կողմից: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝  ներկայացնելով Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013թ. հայաստանյան հարցման արդյունքները:

Հարցմանը Հայաստանում մասնակցել են 1068 չափահաս քաղաքացիներ: Նրանց 43 տոկոսի կարծիքով՝ վերջին երկու տարիներին կոռուպցիան Հայաստանում աճել է, եւ միայն 19 տոկոսն է համարում, որ կոռուպցիան նվազել է: Ըստ ներկայացված զեկույցի՝ հայաստանցիներն ամենակոռումպացվածը համարում են հանրային/պետական ծառայողներին, դատական եւ առողջապահական համակարգերի աշխատակիցներին, որոնք 1-ից 5 (1՝ չկոռումպացված, 5՝ բացարձակ կոռումպացված) բալանոց համակարգում 4 համաթիվն են ստացել: Ամենակոռումպացված եռյակին փոքր-ինչ զիջում է ոստիկանությունը՝ 3,9 համաթվով: Ոստիկանության հետ առնչություն ունեցողների 21 տոկոսը խոստովանել է, որ կաշառք է տվել՝ ոստիկանության հետ «հարցերը լուծելու» համար: Ամենաքիչ կոռումպացված ընկալվում են հասարակական եւ կրոնական կազմակերպությունները:

«Այստեղ մտահոգիչ է այն փաստը, որ ամենակոռումպացվածն այն մարմիններն են, որոնք, ըստ էության՝ կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ», — նշեց Վարուժան Հոկտանյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ հայաստանցիների 57 տոկոսն այն կարծիքի է, որ պետության վարած հակակոռուպցիոն պայքարն անարդյունավետ է, ընդ որում՝ նախորդ տարիների համեմատությամբ՝ անվստահության ցուցանիշն աճել է: Այսպես, եթե 2010-ին հարցվածների 27 տոկոսը համարում էր, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է,  ապա այս տարի միայն 21 տոկոսն է հակակոռուպցիոն պայքարն արդյունավետ համարում:

Որպես եւս մեկ մտահոգիչ փաստ՝ ԹԻՀԿ տնօրենը նշեց այն, որ հարցվածների մեծամասնությունը անկարեւոր  կամ անիմաստ է համարում կոռուպցիայի դեմ պայքարը եւ պատրաստ չէ անձամբ մասնակցել այդ պայքարին: Այսպես, Հայաստանում հարցվածների ընդամենը 43 տոկոսն է ցանկություն հայտնել ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարի մեջ: Սա, Հոկտանյանի խոսքերով, բացարձակ ռեկորդ է՝ հարցմանը մասնակցած 107 երկրների շարքում մենք զբաղեցրել ենք վերջից առաջին տեղը: Այս ցուցանիշով նախավերջին՝ 106-րդ տեղը զբաղեցրած Հունգարիայում մարդկանց 53 տոկոսը պատրաստ է մասնակցել հակակոռուպցիոն պայքարին:

 Ընդ որում՝ Հայաստանում հարցվածների միայն 18 տոկոսն է խոստովանել, որ երբեւէ նշված հաստատությունների հետ շփումներում կաշառք է տվել: Այս թիվը, ըստ Վարուժան Հոկտանյանի, կարող է անարժանահավատ լինել, քանի որ, օրինակ՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո շատ քիչ մարդիկ են խոստովանել, որ կաշառք են վերցրել այս կամ այն կուսակցությունից:

Որպես մխիթարություն՝ ԹԻՀԿ տնօրենը նշեց, որ աշխարհում ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարն ավելի ու ավելի քիչ է գոհացնում մարդկանց:

 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյան.«Աշխատում ենք, որ տրանսպորտի թանկացումը լինի ի օգուտ ժողովրդի»’
Հաջորդ հոդվածը‘Առգրավվել է Լիսկայի անունով գրանցված 10 զենք. 1-ի օրինականությունը կասկածի տակ է’