‘
Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի հետ:
Այս առիթով նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Կարիբյան ավազանում գտնվող այդ կղզիների հավաքականի գլխավոր մարզիչ Ժակ Պասին ասաց, որ իր աշխատանքն է՝ ուսումնասիրել Հայաստանի հավաքականի խաղը, իսկ եղանակը այս պահին Հայաստանում շատ լավ է, նման է Սենթ Քիթսի եղանակին: Նա նշեց, որ ունեն ներքին առաջնություն, որտեղ շատ տաղանդներ կան.
«Ճիշտ է, նրանք աշխարհում ճանաչված չեն, բայց մյուս կողմից ունենք շատ ֆուտբոլիստներ, ովքեր ծնունդով Սենթ Քիթսից չեն, սակայն ծնողներն են ծնվել մեր կղզում: Այս պահին թիմում այդպիսի 13 խաղացող կա:
Այս խաղը կարևոր է մեզ համար, կփորձենք մրցունակ ֆուտբոլ ցուցադրել, քանի որ յուրաքանչյուր մրցավեճում կարևորում եմ արդյունքը: Հազարավոր կիլոմետրեր չեմ կտրել անցել Մեքսիկայից, իսկ ֆուտբոլիստները Սենթ Քիթսից, որ անարդյունք հեռանանք: Ես վստահ եմ, որ թիմը չի կարող աճել, եթե մրցի միայն մեր տարածաշրջանի ընտրանիների հետ: Սա հիանալի հնարավորություն է մեզ համար:
Ակնկալում եմ, որ Հայաստանի հավաքականը կխաղա իր լավագույն խաղերից մեկը, որպեսզի մենք հասկանանք, թե ինչի ենք ունակ»,- ասաց նա:
Ժակ Պասին նշեց, որ իր ցանկությունն էր խաղալ Հայաստանի հավաքականի հետ.
«Մենք ուզում ենք խաղալ ուժեղ հավաքականների հետ, հետո հանդիպելու ենք Վրաստանին: Խաղացել ենք Անդորրայի հետ, հաղթել ենք, հետո պարտվել ենք Էստոնիային, բայց ես գնահատում եմ այդ փորձը»:
Ժակ Պասին դիտել է Հայաստանի հավաքականի վերջին մի քանի հանդիպումները և շեշտեց, որ սա «Սենթ Քիթսն ընդդեմ Մխիթարյանի» խաղը չէ.
«Սա 2 հավաքականների հանդիպում է: Ես լավ գիտեմ Մխիթարյանին և ծանոթ եմ նրա որակներին, բայց ֆուտբոլում մարտվարությունն օգնում է խաղալ ուժեզ մրցակիցների դեմ»:
Վերջում հարց հնչեց, թե արդյոք հնարավոր է Հայաստանի հավքականին հաղթելու դեպքում ցունամի լինի նրանց մոտ, ինչին ի պատասխան մարզիչը ժպտալով պատասխանեց, որ եթե վաղը հաղթեն, ապա Հայաստանը կպարտվի մի երկրի, որը «Հանրապետական» մարզադաշտից 3 անգամ ավելի բնակչություն ունի․
«Վստահ եմ, որ մեր երկրպագուները շատ կուրախանան»,- խոսքը եզրափակեց մարզիչը։
‘